Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխել ՌԴ Տուլայի մարզում ավտոբուսի վթարից տուժած 10 ուղեւորներին։ Այս մասին նոյեմբերի 6-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նրա խոսքով՝ ուղեւորների մեծ մասն իրենց խնդրանքով ամբուլատոր բուժում են ստանում։ «12 հիվանդ դեռ բուժվում են Ռուսաստանում։ Նրանցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մեկի վիրահատությունը նախօրեին բարեհաջող է ավարտվել։ Պետք է զինվենք համբերությամբ եւ հույսով։ Ռուսաստանում են գտնվում առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, ում  հետ մենք մշտապես կապ ենք պահպանում»,- նշել է Մուրադյանը։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին Երեւան էին ժամանել Տուլայում վթարված ավտոբուսի 32 ուղեւորները, որոնցից 10-ը տեղափոխվել էին հիվանդանոց։ՌԴ ԱԻՆ օդանավի հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել նաեւ վթարի հետեւանքով մահացած ութ ուղեւորների մարմինները:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: