2016թ. պետական բյուջեի նախագիծը զուսպ է եւ տխուր, թեեւ ՀՀ կառավարությունը ամպագոռգոռ հայտարարություններ չի տեղադրել նախագծում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Վարդան Բաստանջյանը՝ հավելելով, որ իշխանությունները պետք է հրաժարվեն «սոցիալական բյուջե» որակումից:
«Ցանկացած երկրի համար բյուջեն պետք է սոցիալական ուղղվածության լինի, իսկ հաջորդ տարվա բյուջեի նախագծում նման բան չկա: Միայն կենսաթոշակներն ու ցածր աշխատավարձեր տրամադրել չի նշանակում, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի»,- ասաց նա:
Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը համոզված է, որ բյուջեի նախագիծը սոցիալական ուղղվածություն ունի:
«Ես ներկայացնում եմ կրթության հանձնաժողովը եւ իհարկե, կցանկանայի, որ կրթության համար ավելի շատ գումարներ տրամադրվեին: Կարող եմ հիմնավորումներ բերել, սակայն նույն հիմնավորումները կարող է բերել առողջապահության հանձնաժողովն իր ոլորտի համար: Նորմալ է, բյուջեն հենց բալանսավորում է»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է վարչական ծախսերին, Բադեյանը դեմ է նման ծախսերին, միեւնույն ժամանակ ընդգծեց, որ կան ծախսեր, որոնք անհրաժեշտ են, առավել եւս մեծ մասը պատվիրում են հայկական արտադրողների մոտ: Բոստանջյանի հարցին, թե «խուճուճ» բազմոցներն է՞լ են Հայաստանում արտադրում, Բադեյանն արձագանքեց. «Խուճուճ բազմոցները հինգ հատ են: Եթե ներկայացուցչություն է գալիս, տաբուրետկայի՞ն նստացնենք»:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2016թ. բյուջեի նախագիծը: Ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն:





























