Ընդդիմության պահվածքը հիշեցնում է առաջին անգամ շոգեքարշի փորձարկվելու պատմությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի  6-ին, «Կառավարման եւ ընտրական համակարգերը ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծում» կլոր սեղան քննարկման ժամանակ նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Երբ առաջին անգամ փորձարկվեց շոգեքարշը, մի հիստերիկ կին բղավում էր, որ չի շարժվի: Իսկ երբ շարժվեց, գոռում էր, որ չի կանգնի: Եթե նայում եք, թե ինչ քննադատություն էր սկզբից ու ինչ քննադատություն է հիմա, լրիվ հակառակն է»,- ասել է նա:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները հրատապ չեն իրականացվում, դեռ 2013թ. հանձնաժողովի աշխատանքներն ընթանում են, հանձանժողովն ունեցել է շաբաթական նիստեր:

«Բոլոր մարզերում ունեցել ենք երկուական հանդիպումներ, իրականացրել ենք հանրային իրազեկում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններ հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւին: