Սեպտեմբերի 1-ին ԱԺ-ում տեղի է ունեցել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել է պատգամավորներ Արա Նռանյանի, Վարդան Բոստանջյանի, Ռուզաննա Առաքելյանի, Գոհարիկ Ենոքյանի, Սամվել Նիկոյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը:
ՀՅԴ-ն ներկայացնող Արա Նռանյանը նշել է, որ «Քրեական օրենսգրքում» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն արդյունավետ, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ապօրինի ձեռնարկատիրության եւ կեղծ ապրանքների արտադրության դեմ: Հեղինակները խնդիր են դրել համապատասխանեցնել ապօրինի գործունեություն իրականացնողների կողմից հասցված վնասը եւ կիրառվող պատիժը` մասնավորապես լիցենզավորում պահանջող գործունեության տեսակներով ապօրինի զբաղվելու դեպքում տուգանքի չափին զուգահեռ նաեւ լիցենզիայի դիմաց գանձվող պետական տուրքի չափով տուգանք կիրառել: Առաջարկվող փոփոխությամբ, ապահովվում է համապատասխանությունը կեղծ ապրանքների պատրաստման եւ իրացման հոդվածի վերնագրի եւ բովանդակության միջեւ, սպառողներին խաբելու ձեւերին է դասվում այլ ապրանքային նշանի, սպասարկման նշանի, ֆիրմային անվանման խեղաթյուրված, աղավաղված կամ շփոթության աստիճանի նմանությամբ օգտագործումը:
Նիստում քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցումով ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները թրաֆիքինգի, սեռական շահագործման, երեխաների առք ու վաճառքի եւ այլ հանցագործությունների հետ կապված մի շարք հարցեր կանոնակարգելու եւ հստակեցնելու նպատակ ունեն: Ըստ այդմ, առաջարկվում է օրենսգրքի նոր հոդվածներով քրեականացնել են այնպիսի արարքներ, որոնց համար գործող օրենսգրքով պատժամիջոցներ չէին նախատեսվում:
Քննարկված օրենսդրական փաթեթը եւ օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:




























