ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` սեպտեմբերի 1-ին այցելել է Գորիս: Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի հետ տեղում քննարկել է Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցին գիշերօթիկի կարգավիճակ տալու եւ աշխատանքային գործունեությունը Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի շենքում կազմակերպելու, վերջինիս շենքային պայմանները գիշերօթիկին համապատասխանեցնելու հարցեր: Ըստ տեղական իշխանությունների` տեղափոխությունը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացն ու սաների խնամքը:
Տարածքային կառավարման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Գեւորգյանը նշել է, որ վերջնական որոշում կկայացվի Երեւանում` հարցը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու կրթության եւ գիտության նախարարների հետ լրացուցիչ քննարկման արդյունքում: Թիվ 1 հատուկ դպրոցում ուսանում են թույլ տեսողությամբ, ինչպես նաեւ ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ:
Գորիսից փոխվարչապետը Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, եւ Վայոց Ձորի մարզպետների, իր տեղակալ Ա. Բախշյանի, Արմավիրի փոխմարզպետ Դ. Սամսոնյանի, ինչպես նաեւ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Սեպտեմբերի 2-ին պատվիրակությունը կմիանա Երեւանից ժամանած ՀՀ պաշտոնական պատվիրակությանը եւ կմասնակցի ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:




























