Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներից երկուսը, որ բուժում են ստանում ՌԴ-ի Ուզլովսկայա բժշկական կենտրոնում, վիրահատության  նպատակով կտեղափոխվեն Մոսկվա:

Նման որոշում է կայացվել ռեանիմատոլոգների, կրծքային վիրաբույժների,  նյարդաբանների  եւ այլ  նեղ մասնագետների հրավիրած կրկնակի կոնսիլիումի արդյունքում:

Տուժածներին կտեղափոխեն Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ: Տուժածներից մեկի մոտ, որը տեղափոխվելու է Մոսկվա ուղղաթիռով, առկա են  բազմաբեկորային կոտրվածքներ:  Մյուսը կտեղափոխվի ռեանիմոբիլով, ունի ողնաշարի կոտրվածք:

Մեկ այլ տուժած հարազատների ցանկությամբ տեղափոխվել է Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոց:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն ունի կյանքի հետ անհամատեղելի վնասվածներ, գտվում է Ուզլովսկայա բժշկական կենտրոնում՝ բժիշկների մշտական հսկողության տակ:  

Մյուս ութ տուժածները բուժումը կշարունակեն  Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում: 

Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 3 քաղաքացի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: