Երեւանի Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքի բնակարանատերերը, որոնք նոյեմբերի 4-ին տեղահան էին արել երկաթյա դուռը եւ մուտք գործել շենք, արդեն երեք օր հրաժարվում են լքել իրենց բնակարանները։

Բնակարանատերերին վրդովեցրել է այն, որ իրեն շենքի սեփականատեր կոչող Անդրանիկ Խալոյանը հրաժարվում է հանձնել բնակարանները, մինչեւ իրենք նախնական պայմանագրով սահմանված 1ք.մ-ի դիմաց նախատեսված 700-800 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարեն 1080 դոլար։

NEWS.am-ի հետ զրույցում բնակարանատերերից Նելլի Կարապետյանը նշեց, որ շենքի մուտքը հսկում են ոստիկաններ, որոնք անընդհատ փորձում են վեճ հրահրել։

«Գալիս, տղամարդկանց հրահրում են, որ նրանք չդիմանան, մի հատ ապտակ տան, որպեսզի քրեական գործ հարուցի նրանց դեմ։ Բայց կանայք խելացի են գտնվում, իրենք են գնում, հարցերը պարզում, հետ գալիս, որպեսզի զերծ մնանք վեճերից»,– ասաց կինը։

Նշենք, որ կառուցապատող «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Պապոյանի հետ 2006-2008թթ. քաղաքացիները կնքել են նոտարով հաստատված նախնական պայմանագիր, որով վերջինը պարտավորվել է մինչեւ 2009թ. հանձնել բնակարանները։

Շենքի կառուցումն սկսվել է պայմանագրով նախատեսված առաջին  փուլի վճարումից հետո։ Որոշակի շինարարական աշխատանքից հետո բնակիչները կատարել են երկրորդ վճարումը, իսկ երրորդ վճարումը պետք է կատարեին բնակարանների սեփականության իրավունքները հանձնելիս, ոմանք նույնիսկ ամբողջությամբ են վճարել իրենց ապագա բնակարանների համար։ 

Գագիկ Պապոյանի նկատմամբ մեկ այլ`  Արամի փողոցի նորակառույց շենքի բնակարանների բազմակի վաճառքի համար մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։

Բնակիչներ խոսքով՝ դրանից հետո հայտնվել է Անդրանիկ Խալոյան անունով անհատ ձեռներեց, որը հայտարարել է, թե ինքն է շենքի սեփականատերը՝  հողատարածքը, որտեղ կառուցվել է շենքը, իրեն է պատկանում։

Պուշկինի 51/1 հասցեի ապագա բնակիչները պնդում են, որ 46 ընտանիք է դրսում մնացել, մինչդեռ նույն շենքի երկրորդ մուտքի բնակարանները առանց սեփականության իրավունքի արդեն բնակեցված են, ինչը նշանակում է, որ հնարավոր է` Գագիկ Պապոյանը վերավաճառել է նաեւ իրենց բնակարանները։

Բնակիչները դատարան դիմել չեն ցանկանում,  արդարադատությանը չեն հավատում, ասում են՝ Անդրանիկ Խալոյանն ամենակարող է, դեռ մի բան էլ դատարանը կապացուցի, որ իրենք են խախտել ուրիշի սեփականության իրավունքը։