Այսօր` սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզի Շենիկ գյուղում գերարագ ինտերնետով ապահովված նոր համակարգչային սրահ է բացվել: Կենտրոնը հիմնվել է Orange-ի եւ «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, համայնքային զարգացման ուղղված բարեգործական ծրագրի շրջանակներում:
Նորաբաց համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով եւ հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաեւ մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,35 մլն դրամ:
Համակարգչային կենտրոնը պաշտոնապես բացելով նոր ուսումնական տարվա առաջին օրը` Orange-ը Շենիկի բոլոր առաջին դասարանցիներին գեղեցիկ դպրոցական պայուսակներ է նվիրել, իսկ դպրոցի գրադարանին` Orange-ի աշխատակիցների կողմից հավաքված մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն:




























