Հնդկաստանի կառավարությունը հետ է կանչել «Գրինփիս» կազմակերպության՝ երկրում աշխատելու արտոնագիրը: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է բնապահպանական կազմակերպության կայքում: Դրանում ասված է, որ «Գրինփիսն» ունի 30 օր ժամանակ աշխատանքը դադարեցնելու համար:

Կառավարությունը վստահեցնում է, որ կազմակերպության գործունեությունը դադարեցնելու մասին հրամանն արդեն տրված է:

Հնդկաստանի իշխանությունները մեղադրում են կազմակերպությանը ֆինանսական խարդախությունների ու տվյալներ կեղծելու համար, նաեւ Հնդկաստանի հարկային օրենսդրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ու տնտեսական աճն արգելակող գաղափարներ քարոզելու համար, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

«Գրինփիսում» հայտարարում են, որ իրենք մի քանի այլ ոչ կառավարական կազմակերպությունների հետ միասին դարձել են Հնդկաստանի կառավարության՝ երրորդ սեկտորի դեմ ուղղված քաղաքականության զոհը: Խարդախությունների համար մեղադրանքները բնապահպանները անվանում են կառավարության «կոպիտ մարտավարություն»:

«Սա ներկա կառավարության որոշ կառույցների տարբեր տեսակետների խորը հակասության հետեւանքն է»,-ասված է այն հայտարարության մեջ, որը ստորագրել է «Գրինփիսի» ժամանակավոր գործադիր տնօրեն Վինուտա Գոպալը:

Մոտավորապես կես տարի առաջ Հնդկաստանի կառավարությունը սառեցրել է Գրինփիսի հաշվեհամարները, բնապահպաններին մեղադրելով հարկային օրենսդրության խախտումների ու երկրի տնտեսական շահերին հակասող գործողությունների համար:

Վերջին ամիսներին Հնդկաստանի կառավարությունը խստացրել է Ոչ կառավարական կազմակերպություններին ներկայացվող պահանջները ու փակել մոտավորապես 9 հազար կազմակերպություն, քանի որ նրանք հայտագրել արտասահմանից փոխանցվող նվիրատվությունները: