Տուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժած երկու հիվանդների վիճակը, որոնք բուժումը շարունակում են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տրավմատոլոգիայի բաժնում, լավ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից՝նշելով, որ հիվանդներից մեկը ոսկրերի ու նախաբազկի կոտրվածք ունի, մյուսը՝ ողնաշարի ու կրծքավանդակի վնասվածք:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածներին Երեւան են տեղափոխել նոյեմբերի 5-ի երեկոյան: Տուժածներից 9-ը տեղափոխվել էին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որոնցից այժմ միայն 2-ն են շարունակում բուժումը:
Առավել ծանր վիրավորները՝ 12 ուղեւոր, մնացել են Տուլայի շրջանային հիվանդանոցում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ նրանց տեղափոխումը Հայաստան այս պահին ռիսկային է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:





























