Ազատամարտիկ, 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի կինը կարծում է, որ արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանն իր պաշտոնի համար վախենալու պատճառով չի այցելել արդեն 8-րդ օրը հացադուլի մեջ գտնվող իր ամուսնուն: NEWS.am-ի հետ զրույցում Մարգարիտա Բաղրամյանը նշեց, որ արդարադատության նախարարը պարտավոր էր անձամբ այցելել ազատամարտիկին, այնինչ իր փոխարեն ինչ-որ աշխատակցի է ուղարկել:

«Արդարադատության նախարարը պարտավոր էր այցելել ու պարզել, թե ինչու է դատապարտյալը հացադուլ անում, բայց վախենում է իր պաշտոնից զրկվի, որովհետեւ կաշառքով է նախարար դարձել: Ես չեմ վախենում իմ ասածներից, թող նախարարը ինքը բացատրի ինձ իր չայցելելու պատճառը»,-ասաց Մարգարիտա Բաղրամյանը:

Նա նշեց, որ իրենք դեմ են Վոլոդյա Ավետիսյանի հացադուլ հայտարարելուն, սակայն չեն կարողանում նրան համոզել, որ դադարեցնի հացադուլը:

«Ինքն առողջական խնդիրներ ունի, չենք ուզում, որ հացադուլը շարունակի, միեւնույն է` անիմաստ է: Երկուշաբթի օրն էլ ընկերներն են գնալու Վարդաշեն, որպեսզի համոզեն Վոլոդյային, որ դադարեցնի հացադուլը»,-ասաց տիկին Մարգարիտան:

Հիշեցնենք, որ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին, որոշել էր մերժել Վոլոդյա Ավետիսյանի դիմումը: Այդ պատճառով Վոլոդյա Ավետիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել: Նույն հանձնաժողովը ամիսներ առաջ նույնպես մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի դիմումը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանի հացադուլին է միացել եւս 7 դատապարտյալ: Նրանց բոլորի բողոքը պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի՝ իրենց դիմումները մերժելու մասին որոշումների դեմ է, նրանց դժգոհությունը առաջացրել է որոշումների չհիմնավորված լինելը:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: