Շաբաթ օրը Չիլիի կենտրոնական շրջանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը  (USGS)։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը  4.31-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Օվալյե քաղաքից  44 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք, երկրի մայրաքաղաք Սանտյագոյից  308 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախն ընկած էր  14 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Չիլիի տարածքը բարձր սեյսմիկ ակտիվության գոտի է։  2010-ի փետրվարի վերջին  8,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի եւ դրան հետեւած ցունամիի հետեւանքով ավելի քան  500 մարդ էր զոհվել։