Նոյեմբերի 3-ին Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից 4 օր անց` այսօր՝ նոյեմբերի 7-ին, մահացած Հռիփսիմե Սիրեկանյանի հարազատներն այժմ Տուլայում են: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից:

Այժմ Մոսկվայից Տուլա քաղաք է գնում Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոսը՝ 68-ամյա Հռիփսիմե Սիրեկանյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը կազմակերպելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 7-ին Ուզլովսկի բժշկական կենտրոնում մահացել է 68–ամյա Հռիփսիմե Սիրեկանյանը, որի մոտ գլխուղեղի ծանր վնասվածք կար, եւ չորս օրվա ընթացքում նրա մոտ 5 անգամ սրտի կանգ էր գրանցվել։

Մոսկվա-Երեւան ավտոբուսի ողբրգական վթարի զոհերի թիվն այսպիսով դարձավ ինը:

Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:

Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա ևս այսօր ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա:

Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդների առողջական վիճակը կայունացել է:

Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 2 քաղաքացի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: