Նոյեմբերի 7–ի առավոտյան ՌԴ Ուզլովայա հիվանդանոցում մահացած 68–ամյա Հռիփսիմե Սիրեկանյանի մարմինը, ամենայն հավանականությամբ, վաղը երեկոյան կտեղափոխվի Երեւան։ Այս մասին NEWS.am–ին ասացին Հռիփսիմե Սիրեկանյանի հարազատները։ ՀՀ Առողջապահության նախարարությունից էլ մեզ տեղեկացրին, որ ամեն ինչ արվում է, որ Տուլայի մոտ նոյեմբերի 3–ին տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարի 9–րդ զոհի մարմինը հնարավորին արագ Երեւան տեղափոխելու ուղղությամբ։
Հռիփսիմե Սիրեկանյանի մարմինն այսօր կտեղափոխվի Մոսկվա, այնտեղ էլ Երեւան։
Վթարի ութ զոհերի մարմինները Երեւան էին տեղափոխվել նոյեմբերի 5–ին` ՌԴ ԱԻՆ օդանավի հատուկ չվերթով։ Նույն չվերթով հայրենքին էին ժամանել նաեւ վթարի 32 վիրավորները։ Նրանցից երկուսը այժմ բուժում են ստանում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։ Վիրավորներից 9–ը, որոնց տեղափոխումն այս պահին ռիսկային է, շարունակում են մնալ Տուլայի շրջանային հիվանդանոցում, նրանց վիճակը կայունացել է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:





























