Հայաստանում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավում անհրաժեշտ է առողջ, մրցունակ խոսք, ինչպես քննարկումների, այնպես էլ «Ոչ»-ի շարժումը ներկայացնելու տեանկյունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ քարոզարշավի շտաբի անդամ, պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ նոյեմբերի 6-ին սկսվել է անվճար եթերաժամանակի միջոցով քարոզարշավը, որից կարող են օգտվել բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ նրանից, թե նրանք «Այո»-ի, թե  «Ոչ»-ի կողմնակից են:  Հովհաննես Սահակյանի խոսքով՝ բոլորի համար հավասար պայմաններ են ապահովվելու:

«Մենք կօգտվենք օրենքով սահմանված բոլոր առավելություններից: Կլինենք ակտիվ, տեղեկություն տրամադրելու առումով բովանդակային: Մեր մարզային կառույցները, համամասնական կամ մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորները՝ ամեն մեկն իր շրջանում ներգրավված կլինի այդ աշխատանքներին: Մեր նպատակն ու քայլերը կիրականացվեն լավ տրամադրությամբ, նորմալ, դրական մթնոլորտում,  եւ այդ բարի մթնոլորտում էլ մենք կփորձենք մեր ժողովրդին բացատրել սահմանադրական փոփոխությունների իսկական նպատակը»,- նշել է Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի ակտիվության բացակայություն չի նկատվում: «Մարզերում ակտիվ քարոզարշավ է տարվում: Ես անձամբ մի ժամից մեկնում եմ Սպիտակ»,- ասել է պատգամավորը:

Գնահատելով «Ոչ»-ի ճակատի հնարավորությունները՝ Հովհաննես Սահակյանը նշեց. «Դա կախված է նրանից, թե մենք հասարակությանը ինչպիսի տեղեկատվություն կապահովենք: Եթե գնանք վարկաբեկման ճանապարհով, ապա ժողովուրդն արդեն հոգնել է դրանից: Ինչպես «Ոչ»-ի, այնպես էլ «Այո»-ի բոլոր քայլերն ու գործառույթները պետք է իրականացնել կառուցողական եւ դրական մթնոլորտում»:

Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: