ԲՀԿ փոխնախագահ, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը վստահ է, որ շատ մարդիկ դեռ կվերադառնան «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, սակայն առայժմ զերծ է մնացել անուններ հրապարակելուց։  Այդ մասին նա ասել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի, Մարտուն Գրիգորյանի, Բազմասեր Առաքելյանի, Մուշեղ Պետոյանի, Արագած Ախոյանի հավանական վերադարձի վերաբերյալ հորդորել է նրանցից տեղեկանալ՝ շեշտելով, որ ամեն մեկը պետք է պատասխան տա իր արած քայլի համար։

Հարցին, թե հնարավո՞ր է հաջորդ խորհրդարանական ընտրություններում Ծառուկյանն էլ վերադառնա քաղաքականություն, ԲՀԿ ցուցակով կրկին դառնա պատգամավոր, Վարդանյանն ասել է. «Ինձ հարցեր ուղղեք, որ ես կարողանամ պատասխանել... ոչ մի բան չի բացառվում»։

Վարդան Վարդանյանը հիշեցրել է, որ իրենք այս պահին զբաղված են սահմանադրական փոփոխությունների քարոզարշավով, այցելում են մարզեր, քաղաքացիներին բացատրում այդ նախագծի ( ինչին, իրենք ամիսներ առաջ կտրուկ դեմ էին) առավելություններ։ «Մարդիկ դրական են տրամադրված, որ բացատրում ենք, խոսում ենք, շփման արդյունքում փոխվում են, մարդիկ համոզվում են»,-ասել է նա։

Դիտարկմանը, թե ի՞նչ են պատասխանում քաղաքացիներին, երբ նրանք հետաքրքրվում են, թե այդ փոփոխությունը ինչպես է անդրադառնալու իրենց կյանքի բարելավվման, սոցիալական խնդիրների լուծման վրա, պատասխանել է. «Ասում ենք, որ լուծվող է, եթե աշխատենք, համենայնդեպս դրական կողմեր կան։ Մարդ կա հավատում է, որ ասում ենք, մարդ կա՝ չի հավատում»։

ԲՀԿ փոխնախագահն ասել է, որ սահմանադրական փոփոխություններն անցկացնելուց հետո իրենց կուսակցության համար էլ լավ է լինելու. «Հանրաքվեից հետո համագումար կանենք, կանոնադրության մեջ փոփոխություն կլինի.... համզոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»։

Իսկ եթե չանցնի նախագիծը, ըստ Վարդանյանի՝ ԲՀԿ-ն կմնա ներկայիս վիճակում. «Հիմա այնպիսի վիճակ է, ինչպիսին որ դուք պատկերացնում եք։ Մի քանի անգամ ասել ու էլի ասելու եմ՝ մնա էլ Սահմանադրությունը, փոխվի էլ, չփոխվի էլ, ԲՀԿ-ում ոչ ոք չի կարող անել այն, ինչ Ծառուկյանն էր անում, դա փաստ է»։