Եթե Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը բավարարի քրդերին, ապա քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հակված է համագործակցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
Նա հիշեցրել է, որ 2011-2013թթ. Թուրքիայի՝ սահմանադրակաան բարեփոխումների խորհրդարանական հանձնաժողովում ԱԶԿ-ն ավելի հակված էր համագործակցել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հետ, քանի որ նախնական նախագծի համաձայն՝ հենց այդ կուսակցությունն էր պատրաստ օգնել ԱԶԿ-ին՝ ավելի շատ աջակցություն ստանալ: «Այն ժամանակ ԱԶԿ-ին 4 ձայն չբավականացրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվի դնելու համար: Այն ժամանակ քրդերին հաջողվեց ԱԶԿ-ին համոզել փոխել Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածը: Հիշեցնեմ, որ այդ հոդվածում նշվում էր, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրք են: Այդ առաջարկը շատ սկզբունքային էր քրդերի համար, եւ նրանք ցանկանում են վերանայել այդ հոդվածը»,- նշեց Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
Անդրադառնալավ այն հարցին, թե ինչ քաղաքական ուժերի հետ կարող է համագործակցել Թուրքիայի իշխող կուսակցությունը, որպեսզի կյանքի կոչի սահմանադրական բարեփոխումները, թուրքագետը նշեց. «Առաջին տեղում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն է, հետո «Ազգայնական շարժումը» եւ վերջում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը»:
Հւշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վերականգնեց խորհրդարանական մեծամասնությունը՝ հավաքելով ձայների 50.5 տոկոսը: «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը հավաքեց 25.4 տոկոս, «Ազգայնական շարժումը՝ 11.9 տոկոս, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ 10.4 տոկոս:





























