Արտաշատ քաղաքի 35–ամյա բնակչուհի Մարիամ Ալեքսանյանը դատարանի առջեւ է կանգնել հասարակական կարգը խախտելու մեղադրանքով։

Ըստ մեղադրական եզրակացության` 2014թ. օգոստոսի 10-ի երեկոյան կինը աղբաջրով և մեզով լի դույլի պարունակությունը լցրել է հարևանուհի Մարինե Բադալյանի տան ճակատային մասում գտնվող պատուհանին, որից հետո լուսամուտը մաքրելու համար փողոց դուրս եկած Բադալյանի դստերը տվել է բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ:

Հայհոյանքի ձայները լսելով` տնից դուրս են եկել և վերջիններիս մոտեցել երեք հարևանուհիներ, որոնք Ալեքսանյանին հանդիմանել են լկտի և անբարոյական պահվածքի համար, պահանջել են դադարեցնել հայհոյանքները, քանի որ դրանք լսելի են եղել բոլորին: Ալեքսանյանը ոչ միայն չի դադարեցրել իր խուլիգանական գործողությունները, այլեւ 20 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել նաև իրեն նախատող անձանց:

Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կատարվածի առնչությամբ։ Մարիամ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օերնսգրքի 258 հոդվածի 1–ին մասով` խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Գործը քննվում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում։