Ավանդույթի համաձայն, Գիտելիքի օրը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երեւանի պետական համալսարան, որտեղ ելույթ է ունեցել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ: Նա նշել է անցնող տարում, արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունները: Մասնավորապես, Է. Նալբանդյանը նշեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան, որը ժամանակ մի շարք կարեւոր փաստաթղթեր ստորագրվեցին, ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվեցին ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների աթենքյան հայտարարությունը, Մեծ Ութնյակի Մուսկոկայում կայացած գագաթաժողովի ընթացքում եռանագահող երկրների նախագահներ Մեդվեդեւի, Սարկոզիի եւ Օբամայի հայտարարությունը, ԵԱՀԿ ԱԳ նախարարների Ալմաթայի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` արտգործնախարարներ Լավրովի, Կուշների եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի հայտարարությունը:
«Վերջին հայտարարություններում ամրագրվում է ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրականացվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությամբ: Եթե հիշում եք, երկու տարի առաջ այս նույն սրահում, մենք խոսում էինք այն մասին, որ բանակցությունները պետք է ընթանան մադրիդյան առաջարկների հիման վրա` միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի եւ ուժի սպառնալիք չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հիման վրա: Այն ժամանակ Ադրբեջանը հերքում էր մադրիդյան փաստաթղթի գոյությունն անգամ: Այս վերջին երկու տարվա ընթացքում հենց միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն, եռանախագահները մեր դիրքորոշմանը համահունչ բազմաթիվ հայտարարություններ արեցին: Վերջին երկու տարվա ընթացքում բանակցություններ ընթացել են հենց մադրիդյան առաջարկությունների, հենց այդ սկզբունքների հիման վրա: Իսկ Ալմաթայում հայտարարության մեջ եռանախագահ երկրները հայտարարեցին, որ հիմնախնդրի կարգավորման առաջարկված սկզբունքները եւ դրույթները մշակված են եւ ներկայացված են որպես մեկ ամբողջություն եւ չի կարելի առաջնություն տալ մեկ սկզբունքին մյուսի նկատմամբ: Դա էլ է համահունչ մեր դիրքորոշմանը»,- նշել է նախարարը, հավելելով, որ այս ընթացքում որակական նոր մակարդակի բարձրացան Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, երբ ԱՄՆ այցելեց ՀՀ նախագահը, ինչպես նաեւ Երեւան եկավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Դրանից զատ, մեկնարկեցին Եվրոպական Միության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման մասին բանակցությունները, որոնց արդյունքում էապես նոր հիմքի վրա կդրվի Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությունը:
Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին, ԱԳ նախարարը եւս մեկ անգամ նշել է, որ հայ-թուրքական արձանագրություններում որեւէ նախապաման չկար: «Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ թուրքերը չեն կարող հարգել եւ կատարել հարգել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները: Հայկական կողմը ստիպված էր կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ հնարավոր կլինի առաջ շարժվել միայն այն դեպքում, երբ թուրքական կողմը նորից պատրաստ կլինի առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա, հավելելով, որ այս գործընթացում Հայաստանը հանդես գալով որպես պատասխանատու, վստահելի գործընկեր ամրապնդեց իր հեղինակությունը միջազգային բեմահարթակում:




























