Տուլայի մոտ նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի հարազատները վստահում են ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմիններին եւ սպասում են փորձաքննությունների եզրակացություններին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կալանավորված վարորդի հարազատները նշեցին, որ այս պահին սպասողական վիճակում են եւ որեւէ քայլ չեն ձեռնարկում:
«Երբ կլինեն փորձաքննությունների պատասխանները, կբացահայտվի իրականությունը, մենք կիմանանք ինչ անել: Այս պահին դեռեւս եղբորս մեղադրանք առաջադրված չէ եւ փաստաբանի կարիք էլ չունի: Եթե եղբորս մեղքն ապացուցվի, թող պատժեն օրենքի ողջ խստությամբ»,- ասացին նրանց հարազատները:
Այնուամենայնիվ, Հարությունյանի հարազատները համոզված են, որ նա ղեկին քնած չի եղել, բջջային հեռախոսով նույնպես չի խոսել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:





























