«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա աշխատակիցներն այսօր՝ նոյեմբերի 9-ին, գործարանի վերագործարկման եւ աշխատավարձերի տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին պայմանագրերի չեղարկման պահանջով հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ այսօր անցկացվում են 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Աշխատակիցները Ազգային ժողովի մոտ են՝ պատգամավորներին հանդիպելու ու նրանց հետ իրենց խնդիրը քննարկելու հույսով:
«Նաիրիտ»-ի հարցով ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժողով է ստեղծվել: Ենթահանձնաժողովի ղեկավարը ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն է, մենք պահանջում ենք, որ նա նույպես հանդիպի ու լսի մեզ: Մեզ համար գործարանի վերագործարկումն ավելի կարեւոր է, քան աշխատավարձերի տույժ ու տուգանքները ստանալու հարցը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը:
Աշխատակիցներին ԱԺ շենքից դեռ ոչ մեկ չի մոտեցել:
Հիշեցնենք, որ Կառավարությունը փոխանցել է բոլոր նաիրիտցիների աշխատավարձային պարտքերը տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին պայմանագրի ստորագրումից հետո: Աշխատավարձերն ստանալուց հետո, սակայն, նաիրիտցիները պահանջում են չեղարկել այդ պայմանագրերը եւ փոխհատուցել տույժ ու տուգանքները:
Ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:





























