Սահմանադրական փոփոխությունները վտանգի տակ են դնում Հայաստանի բազմակուսակցական համակարգը: Այս մասին հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ կուսակցության ակտիվի հերթական հավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին:
Հանդիպման գլխավոր թեման 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների խորապատկերում առաջադրված փոփոխությունները հղի են լրջագույն վտանգներով: Պարոն Կարապետյանը առանձնացրեց երեք գլխավոր հիմնախնդիր, որոնք անթույլատրելի են դարձնում այդ փաստաթղթի ընդունումը.
1. Նախագծում համաչափ լուծում չի տրվում կառավարման համակարգի օպտիմալացման գերխնդրին, ինչն էլ ավելի կխորացնի երկրում տիրող ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտը;
2. Նախագծով չի հաջողվել լուծում տալ Ազգային անվտանգության եւ բանակի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներին;
3. Նախագիծը չի ապահովում աշխարհում ընդունված պառլամենտական կառավարման համակարգին բնորոշ կայուն մեծամասնության ստեղծման սկզբունքների ներդրումը եւ վտանգի տակ է դնում Հայաստանի բազմակուսակցական համակարգը:
Ակտիվի մասնակիցները վերահաստատեցին, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն: Հիմնավորելով ՆԺԿ դիրքորոշումն այն մասին, որ տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է, ժողովը ընդունեց որոշում բոյկոտել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն եւ առաջադրեց ՆԺԿ վարչությանը հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:




























