«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը դեմ է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, քանի որ կարծում է՝ փոփոխություններով սահմանափակվում են մարդու իրավունքները:

«Նոր նախագծով ընդլայնվում են քաղաքական իրավունքներն ու սահմանափակվում են սոցիալական իրավունքները: Նոր սահմանադրությամբ մարդու սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքները պաշտպանված չեն, քանի որ օրենքները մանրակրկիտ չեն ուսումնասիրվել եւ այս փոփոխությունների նախագիծը գրվել է արագ՝ առանց ուսումնասիրությունների»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 6-ին մարդիկ գնալու են քվեարկելու անորոշության համար, քանի որ պարզ չէ, թե այս սահմանադրական փոփոխություններն ինչ դրական ազդեցություն են ունենալու երկրի եւ ժողովրդի համար:

«Անհրաժեշտ է աշխատել շրջանների բնակչության հետ, բացատրել նրանց, թե ինչի համար են այս փոփոխություններն արվում: Ասածս վերաբերում է եւ իշխանություններին, եւ ընդդիմությանը»,- ասաց նա:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւին: