Տուլայի մարզի հայերը ավտոբուսի վթարից տուժածներին հարազատի պես են խնամում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա խոսքով, չի կարելի գերագնահատել այն, ինչ արեց մարզի հայ համայնքը ավտոբուսի վթարից տուժածներին օգնելու հարցում ի լրումն այն հսկայական ջանքերը, որոնք ներդրեցից ռուսական իշխանությունները, որի համար Հայաստանը եւս երախտապարտ է:

Նախարարի խոսքով, Տուլայի կենտրոնում հայերի պատկանող երկու հյուրանոց կա, որոնք երեք օր անվճար ընդունել են հայերին:

Բոլորովին անծանոթ մարդիկ, հարուստ եւ ոչ այնքան, հարազատի պես գալիս էին հիվանդանոց ու օրերով հերթապահում: Ուզում էին ամեն ինչ անել, որպեսզի տուժածներին լավ լինի: Ես շատ եմ ուզում, որ այդ մասին բոլորն իմանան»,-ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ մեր հայրենակիցների նման արժանապատիվ արարքների մասին իրեն պատմել են նաեւ ռուսաստանյան ղեկավարները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: