Սինայի թերակղզում կործանված ռուսական Аirbus 321 օդանավի կործանման պատճառները հետաքննող ՌԴ քննչական մարմինների եւ հատուկ ծառայությունների աշխատակիցները օդանավի պոչամասի բեկորներից մեկի վրա տարօրինակ անցք են հայտնաբերել։ Փորձաքննության նախնական տեղեկություններով՝ հենց այդտեղից կարող էր սկսվել օդանավի ողջ կորպուսի մասնատումը։
Անցքի՝ տարօրինակ պատռվածք հիշեցնող ձեւն իր վրա է հրավիրել «Ռոսավիացիայի» փորձագետների ուշադրությունը։ Անցքի եզրագծերից նմուշներ են վերցրել եւ ուղարկել քիմիական փորձաքննության։
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, նախնական փորձաքննությունը անցքի եզրերում չի բացահայտել գիտությանը հայտնի պայթուցիկ տարրերի հետքեր։ Մասնագետները դեռ չեն կարողանում նշել այդ անցքի գոյանալու հստակ պատճառը։ Նրանք տատանվում են երկու հիմնական վարկածների միջեւ՝ կամ օդանավում պայթյուն է հնչել կամ շահագործումից «հոգնած» մետաղը պայթել է։
Օդանավի բեկորների ուսումնասիրությանը զուգահեռ՝ մասնագետները հետազոտում են սեւ արկղերը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ժապավենների վրա դեռ չի հայտնաբերվել որեւէ բան, որը կխոսեր այս կամ այն վարկածի օգտին։
Բացառություն է կազմում մի փաստ. Եգիպտոսի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների տվյալներով՝ ինքնագրիչների ձայնագրության ամենավերջում անհայտ ծագման աղմուկ է լսվում։ Մասնագետները ենթադրում են, որ նման աղմուկ կարող էր առաջացնել օդանավում պայթած ռումբը։
Ինչ վերաբերում է սեւ արկղերին, ապա դրանք հնարավորություն են տալիս դատել օդանավի կործանման վերջին րոպեների իրադարձությունների մասին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ օդաչուները հանդարտ զրույց են վարել եւ դիսպետչերին հայտնել են որոշակի բարձրություն հավաքելու մասին։ Ինքնագրիչների տվյալներից դատելով՝ անձնակազմը մինչեւ վերջին պահը տագնապի որեւէ նշան չի ցուցաբերել։
Ձայնագրությունն ընդհատվում է հանկարծակի, ասես սեւ արկղն անջատում են։ Մասնագետների խոսքով՝ նա նշանակում է, որ իրավիճակն այնքան ծայրահեղ է եղել, մեկ վայրկյանում կտրվել են օդանավի պոչամաս տանող լարերը։





























