Խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս երկրում առկա խնդիրներն ավելի հեշտորեն լուծել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկրի Սահմանադրություն պետք է հարմարեցված լինի տվյալ երկրի խնդիրները լուծելուն:

«Պետք է համեմատել թերությունները, հասկանալ, թե սահմանադրական փոփոխություններն ինչ կտան մեզ: Այսօր խոսում ենք, որ երկրում քաղաքական դաշտը կայացած չէ, նորմալ կուսակցություններ չկան, նոր Սահմանադրությամբ մեր քաղաքական դաշտը կայացնելու մեծ հնարավորություններ կան: Երկրի խորհրդարանական կառավարման համակարգով հնարավորություն է տրվում ձեւավորել այնպիսի կազմակերպություններ, որոնք կզբաղվեն երկրի թույլ ոլորտների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ»,- ասաց պատգամավորը:

Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգը լուծում է նաեւ պաշտոնյաների պարտականությունների, իրավունքների, պատասխանատվության խնդիրը:

«Նոր սահմանադրությամբ նախագահն իր պարտականությունների պատասխանատվությունը կունենա, ԱԺ նախագահն իր, իսկ այսօր բոլոր խնդիրների մեղավորը նախագահն է: Այսօր առկա խնդիրները լուծելու համար միանձնյա որոշում հարկավոր չէ, դրանք պետք է լուծվեն քաղաքական ուժերի եւ հասարակության համաձայնության գալու միջոցով»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւին: