ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն անհիմն է համարում Սահմանադրական հանրաքվեին կողմ արտահայտվող ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը:
«Հավատացնում եմ, որ շտաբի ամբողջ աշխատանքներում կարեւորում ենք, որ ընտրություններն անցնեն բաց ու մաքուր: Ձայներ բերելու հանձնարարություն չկա, դրանք սուտ խոսակցություններ են: Եթե մեկը ինչ-որ գյուղում արջի ծառայություն է մատուցում, դա չի նշանակում, որ դա իշխանությունների հանձնարարությունն է: Առաջին անգամ եմ լսում, որ Սամվել Ալեքսանյանն իր աշխատակիցներին հրամայել է հանրաքվեի օգտին քվեարկել, այդ լուրը ես կճշտեմ, ես կասկածում եմ, որ Սամվել Ալեքսանյանն առանց շտաբի հանձնարարության նման բան անի»,- այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ այս օրերի ընթացքում «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը լուծում են այն հարցերը, որոնք հանրաքվեից առաջ դրված են նրանց առջեւ: Նա նշեց, որ «Այո»-ի շտաբն այժմ մարդկանց հետ աշխատանքներ է տանում՝ բացատրելու նրանց սահմանադրական փոփոխությունների դրական եւ բացասական կողմերը:
«Շտաբի համար մեկ խնդիր կա՝ մարդկանց բացատրել սահմանադրական փոփոխությունների էությունը: Հանրապետական կուսակցության շահն այս փոփոխություններից այն է, որ հնարավորություն կստեղծվի դիմագրավել մեր երկրի այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր ժողովրդի դեմ: Մենք էլ ունենք երեխաներ, ընտանիք եւ մտածում ենք իրենց համար լավ ապագա ստեղծելու ուղղությամբ»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւին:





























