Եթե ցանկանում եք հարձակվել, խնդրեմ, հարձակվեք, բայց մի մոռացեք՝ ամեն հարձակման պատասխան է լինելու։ Թուրքիայի նախագահին եւ վարչապետին նման զգուշացում է արել PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը։

Քրդական Ajansa kurdi գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարներից ռադիոկապով դիմել է քուրդ զինյալներին՝ ներկայացնելով թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունն ու ընտրությունների հետ կապված շահարկումները։

Քարայլըանը նշել է, թե PKK-ի գործողությունները չեն ազդել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ձայների անկմանը՝ շեշտելով, թե իշխանությունները նոյեմբերի 1-ի ընտրություններին գնացել են «խորքային պետության» կոնցեպտով՝ սադրանքներ, սպանություններ եւ ընտրակեղծիքներ։

Մուրադ Քարայըլանը անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հնչեցված սպառնալիքներին, թե PKK-ի դեմ հարձակումներ են լինելու։ «Եթե ցանկանում եք հարձակվել, խնդրեմ, հարձակվեք, բայց մի մոռացեք՝ ամեն հարձակման պատասխան է լինելու«,-ասել է Մուրադ Քարայըլանը։

Նշենք, որ այս ռադիոկապով հայտարարությունները հասանելի են նաեւ թուրքական ոստիկանության եւ զինված ուժերի հետախուզության բաժիններին։