Տուլայում Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսի  տուժած ուղեւորներին ու զոհերին պատկանող գումարն ու իրերը չեն կորել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Հայտնի է, որ  ավտոբուսի ուղեւորները հիմնականում արտագնա աշխատանքից վերադարձողներն են եղել եւ կասկածներ կային՝ արդյոք բոլորի գումարները փոխանցվել են հարազատներին։

«Մենք որ Տուլայում ենք եղել, ընդհանրապես գումարի  խոսակցություն չի եղել, որովհետեւ  հսկել ենք,  բոլորը ստացել են իրենց  կորցրած իրերը, բոլորի հետ հետ ենք եկել ու ինքնաթիռի մեջ ավտոբուսի ուղեւորները, նրանց հարազատները մեզ հետ են եղել, բայց մեզ ոչ մեկ նման հարցով չի բողոքել։ Այն մարդիկ, ովքեր եկել էին զոհերի հետեւից, մեզ հետ նման  խոսակցություն չեն ունեցել»,-վստահեցրել է Գագիկ Բեգլարյանը։

Թեեւ  տուժողներին ու զոհերի հարազատներին տրվող փոխհատուցման չափը դեռ վերջնականապես հստակ չէ, սակայն ըստ նախարարի՝ զոհերի ընտանիքին ավելի քան մեկ միլիոն դրամ կտրվի, իսկ տուժածներին՝ մինչև մեկ  միլիոն դրամ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: