Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» ինքնաշեն, չկառավարվող հրթիռների պահեստը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պահեստը տեղակայված է Դամասկոսի շրջանի Մհար լեռան մոտերքում։
«Տվյալ կետից գրոհայինները կանոնավոր կերպով մատակարարվում էին չկառավարվող հրթռիներով, որոնց օգնությամբ իրականացվում էին Դամասկոսի բնակելի թաղամասերի շարունակական հրետակոծությունները»,- ասել է Կոնաշենկովը։
Նա նաեւ տեղեկացրել է Ռաքքայի եւ Հոմսի շրջաններում «Իսլամական պետության» եւ «Ջաբհաթ ան-Նուսրայի» ռազմամթերքի խոշոր պահեստների ոչնչացման մասին։
«Գրոհայինները երկու անգարում հրաձգային զենք էին պահում, խոշոր տրամաչափի հրետանի, նռնականետներ եւ զինամթերք։ Այդ սպառազինությունը նախատեսված էր արտասահմանից Սիրիա եկած ահաբեկիչների ապահովման համար։ Ընդգծեմ, որ այդ մասին տեղեկությունները մենք ստացել ենք սիրիական ընդդիմության ներկայացուցիչներից», - հայտնել է նա։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ պահեստն իր ամբողջ պարունակությամբ ամբողջովին ոչնչացվել է։





























