Հայաստանն ու Ռուսաստանը կարող են լրջորեն ապավինել միմյանց աջակցությանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 9-ին Երեւանում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները արձանագրել են տարբեր ուղղություններով հարաբերությունների դինամիկ զարգացում, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵՏՄ, ՄԱԿ-ի մակարդակներում ակտիվ համագործակցություն: Նշվել է հարաբերությունների զարգացումը միջխորհրդարանական, միջտարածաշրջանային մակարդակներում, համագործակցությունը միջկառավարական հանձնաժողովի շրջանակում:
«Մենք շատ բարձր ենք գնահատում սույն տարվա ապրիլի 24-ին ՝ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը Երեւանում»,- շեշտել է Էդվարդ Նալբանդյանը:
Սերգեյ Լավրովի խոսքով, ներկա բանակցություններն ընդգրկել են երկկողմանի հարաբերությունների օրակարգային հարցերի ամբողջ շրջանակը : «Երախտապարտ ենք Սինայի վրա ողբերգության առնչությամբ ցուցաբերած աջակցության համար»,- նշել է ԱԳՆ ղեկավարը ՝ հավելելով, որ ռուսական կողմը զգում է «դաշնակցի ուսը»:
Կողմերը քննարկել են երկու նախագահների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ արձանագրելով, որ պայմանավորվածությունները կատարվում են: Ռուսաստանի նախարարի խոսքով, համագործակցությունը արդյունքներ է տալիս, իրականացվում են կարեւոր նախագծեր: Դրանց շարքում նախարարը առանձնացրեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հարցը, ռուսական գազի գների նվազումը, ռուսական նավթամթերքի մատակարարումների ավելացումը, ներդրումների աճը:
Սերգեյ Լավրովը նաեւ Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է ՌԴ այցելել իր համար հարմար պահի:





























