ՀՀ Վարչական դատարանը նոյեմբերի 6-ին մերժել է Երեւանի 35-ամյա բնակչուհի Նարինե Նիկողոսյանի հայցն ընդդեմ արցախցի 60-ամյա Էդիսոն Ադյանի, որը, ըստ կնոջ, ապօրինաբար խլել է իր նորածնին՝ ձեռք բերելով հայրության վկայական։
Հայցով Նարինե Նիկողոսյանը պահանջում էր անվավեր ճանաչել հայրության մասին վկայականը, որը, կնոջ խոսքով, արդարության հասնելու միակ ճանապարհն է։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որն աջակցում է Նարինե Նիկողոսյանին, Վարչական դատարանի որոշումը կբողոքարկի ՀՀ Վարչական Վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանը դիմել էր նաև ՀՀ Վերաքննիչ-քրեական դատարան, որը բեկանել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Նարինեն առաջին ատյանի դատարան էր դիմել` պահանջով վերացնել Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչի կայացրած քրեական գործը կարճելու որոշումը:
Նարինե Նիկողոսյանի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ խաբեությամբ կորզել ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը Արթուրի օրինական հայրն է ճանաչվել: Հրաչ Կալուստյանը Հայաստանից հեռացել է, իսկ Էդիսոն Ադյանը պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նարինեն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: Նարինեն ոստիկանություն բողոք է ներկայացրել՝ իր երեխային առեւանգելու վերաբերյալ, սակայն քննիչները գործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով։ Նարինեն քննիչների այս որոշումը բողոքարկող հայցով դիմել էր դատարան, որը մերժվել էր:





























