Սիրիայի հարցով հետագա քայլն առաջիկայում ընդլայնված ձեւաչափով հերթական հանդիպումը կազմակերպելն է: Նոյեմբերի 9-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով, այսուհետ ընդլայնված ձեւաչափը պետք է հիմնականը դառնա, եթե ոչ միակը: Ըստ նախարարի, հոկտեմբերի 30-ին Վիեննայում կայացած հանդիպման մասնակիցներին պետք է միանան Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) եւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ): Դա անհրաժեշտ է, քանի որ ավելի ու ավելի շատ են ցանկանում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները որպես շիաների եւ սուննիների միջեւ հակամարտություն ներկայացնել: Լավրովի համոզմամբ, դա կոպտագույն սադրանք է, որին տրվում եւ նույնիսկ աջակցում են բազմաթիվ առաջնորդներ, այդ թվում՝ Արեւմուտքում:
Միաժամանակ, նա նշեց ահաբեկիչների ցանկ ստեղծելու անհրաժեշտության մասին: «Այդ դեպքում հարցեր չեն առաջանա, թե որ ուղղությամբ պետք է հարվածներ հասցնել»,- ընդգծեց ռուսաստանցի նախարարը՝ հավելելով, որ նաեւ ընդդիմության ցուցակ է հարկավոր:





























