Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում նոյեմբերի 10-ի դրությամբ բուժում է ստանում հայկական ավտոբուսի վթարից տուժած 5 քաղաքացի, որոնցից երեքի վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Տուժածներից մեկը, որն ունի կոնքի ոսկրերի եւ անրակի կոտրվածքներ նոյեմբերի 9-ին բարեհաջող վիրահատվել է: Մյուս հիվանդի առողջական վիճակը կայուն է, առկա է դրական տեղաշարժ: Բուժօգնությունն իրականացվում է ողջ ծավալով:

Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում:

Այս պահի դրությամբ` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է վթարից տուժած 2 հիվանդ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: