«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ն ուսումնասիրություն է կատարել, որը հնարավորություն է ընձեռում հասկանալ, թե բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակությունը ինչպես է տեղեկություն ստանում եւ բնապահպանական ո՞ր խնդիրն է համարվում առաջնային: «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ի «Բնապահպանական խնդիրների իրազեկումը որպես առկա խնդիրների կարգավորման գրավական» ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում:
Ըստ ՀԿ-ի կատարած սոցիոլոգիական հարցման մասնակից փորձագետների, հանրության իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների վերաբերյալ բավարար չէ, սակայն վերջին տարիներին նկատվում է իրազեկվածության մակարդակի բարձրացում: Նկատվում է նաեւ դրական փոփոխության միտում: Մարդիկ տեղեկություն ստանում են տարբեր կերպ, սակայն դժվար է զանազանել օբյեկտիվը՝ սուբյեկտիվ տեսակետից: Օբյեկտիվ լուր տալու առումով այստեղ նույնպես չի բացառվում նեղ շահերի գործոնը: Բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկում են նաեւ հասարակական կազմակերպությունները: Փորձագետները միանշանակ չեն գնահատել ՀԿ-ների աշխատանքը՝ նշելով, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը կախված է կոնկրետ դեպքից եւ ՀԿ-իցԱյդպիսի գնահատականներ են հնչել նաեւ բնապահպան ակտիվիստների գործունեության վերաբերյալ: Նշվում է , որ «….ակտիվիստների գործողությունները միանշանակ չենք կարող գնահատել: Դեպքեր կան, որ շատ են նպաստում ընդհանուր վիճակի բարելավմանը, օրինակ Թեղուտի պաշտպանությունը: Դեպքեր էլ կան, երբ շոուներ են սարքում, գոռգոռոցներ, աղմուկ, աղաղակ, ամեն մի վիճակ անհատական պետք է գնահատել»,-նշել են փորձագետները: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ այդ է պատճառը, որ շատ հաճախ ձեռնարկատերերը, ծրագրերի ղեկավարները խուսափում են աշխատել հասարակական հատվածի հետ, մտածելով, որ աղմկահարույց վիճակ է ստեղծվելու եւ նպատակը ոչ թե խնդրի կարգավորումն է լինելու, այլ խնդրի վերաբերյալ աղմուկ բարձրացնելը: Մարդիկ կարծում են, որ ԶԼՄ-ները բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման կարեւոր օղակներից են:
Մասնավորապես կարեւոր է համարվում հեռուսատեսության դերը, որը տեղեկության տարածման առաջնային աղբյուր է: Հետազոտության քանակական տվյալների համաձայն՝ տեղեկության երկրորդ հիմնական աղբյուրը սոցիալական կապիտալն է, իսկ երրորդ հիմնական աղբյուրը սեփական փորձն է: Մինչդեռ ըստ փորձագետների՝ երկրորդ հիմնական աղբյուրը լրատվական կայքերն են: Որպես հարցի լուծում առաջարկում են հեռուստատեսությամբ հեռարձակել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հաղորդաշար, որը կանդրադառնա ոչ միայն բնապահպանական խնդիրներին, այլեւ կառաջադրի դրանց կարագավորումը՝ փոխանցելով համապատասխան գիտելիք: Բնապահպանական խնդիրները սերտորեն կապված են սոցիալական վիճակի հետ: Հարցման մասնակից փորձագետը նշել է, որ թեպետ կենցաղային խնդիրների տակ կքած է հասարակությունը, բայց եւ ՀՀ-ում ամենից ուժեղ շարժումները բնապահպանական շարժումներն են: Բնապահպանական շարժումներում ներգրավված են լինում մեծ թվով մարդիկ եւ շարժումները կրում են շարունակական բնույթ: Թեպետ մի խումբ երիտասարդներ օր ու գիշեր պայքարում են պետական կառավարման մարմնի կայացրած երբեմն ապօրինի որոշման դեմ, սակայն հասարակությունը կարծես թե չի տարբերակում առաջնայինը՝ երկրորդականից: «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ի հարցմանը մասնակից քաղաքացիների 5.1տոկոսն է խմելու ջրի աղտոտվածությունը կամ սակավությունը համարել բնապահպանական առաջնային խնդիր: Ի դեպ հարցման մասնակից բնակչության մոտ 55 տոկոսն է համարում, որ կա ջրի աղտոտման խնդիր, թեպետ հիմնականում բողոքել են ջրի սակավության ու աղտոտվածության դեմ:
Աղյուսակում ակներեւ է, թե հարցվածները, ո՞ր խնդիրն են համարում բնապահպանական առաջնային խնդիր
|
Խնդիրներ |
% |
|
Անտառների հատում, անտառային տարածքների բացակայություն |
19.6 |
|
Շրջակա միջավայրի աղտոտվածություն |
14.1 |
|
Օդի աղտոտվածություն |
5.8 |
|
Խմելու ջրի խնդիր՝ աղտոտվածություն, սակավություն |
5.1 |
|
Պոչամբարների վնասակար ազդեցություն |
3.8 |
|
Ոռոգման ջրի խնդիր, սակավություն, աղտոտվածություն |
2.0 |
|
Կենդանական եւ բուսական աշխարհի պահպանության խնդիր |
1.8 |
|
ՀԷԿ-երի շահագործում |
0.8 |
|
Լճերի, գետերի աղտոտվածություն |
0.6 |
|
Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման անհրաժեշտություն |
0.5 |
|
Անապատացում |
0.4 |
|
Գլոբալ տաքացում |
0.3 |
Հարցին, թե յուրաքանչյուր ոք ինչ պետք է անի, ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի լուծվեն նշված բնապահպանական խնդիրները, մասնակիցները հիմնականում նշել են՝ շրջակա միջավայրը չաղտոտել՝ 33.9%, ծառատունկ կազմակերպել` 9.8% եւ ծառերը չհատել`7.2%: «Եթե ձեր համայնքում առաջանա որեւէ բնապահպանական խնդիր, ի՞նչ քայլեր կձեռնարկեք» հարցին ի պատասխան առավել հաճախ նշվել է, որ ոչինչ չեն անի՝ ասելով, որ իրենցից կախված չէ, արդեն հոգնել են, անտարբեր են մարդիկ, այս երկրում ոչինչ չեն կարող անել , իրենք առողջություն չունեն: Իսկ ակտիվ գործողություններ ձեռնարկելուն միտված պատասխանների տոկոսային կշիռը կազմել է 21.8%: Համապատասխան մարմիններին կդիմեն 19.4%-ը:
Անշուշտ, կարեւոր է իրազեկ քաղաքացի լինելը, հասկանալ, որ յուրաքանչյուրս բնության մի մասնիկն ենք: Սակայն բնապահպանական խնդիրների կարգավորման համար առանցքային կարելի է համարել օրենսդրական դաշտի կարգավորումը : Ոլորտի փորձագետները առանձնացրել են երկու հիմնական խնդիր. օրենքները չեն գործում, օրենքները չեն բավարարում ներկա պահանջներին: Միայն օրենսդրական դաշտի կարգավորման դեպքում հնարավոր կլինի լուծել առկա բնապահպանական խնդիրները: Բնապահպանական դաշտը կարգավորող օրենքները հին են եւ չեն համապատասխանում մեր առօրյա կյանքին: Օրենքներն ունեն բազմաթիվ խնդիրներ ու բացեր: Առկա է ոչ միայն օրենքի պահպանման խնդիր, այլեւ օրինական դաշտի բացերի խնդիր: Դրանց բնապահպանական խնդիրների կարգավորման երկրորդ տարբերակը հասարակության իրազեկվածության բարձրացումն է: Մարդիկ իրազեկված չեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն խնդիրների կարգավորման համար: Հիմնականում նշում են երեք տարբերակ՝ ծառերը չհատել, մաքուր պահել տարածքը, դիմել համապատասխան մարմիններին:
Ալինա Պողոսյան
Հեռանկարային զարգացման կենտրոն ՀԿ





























