Հայաստանում պարզապես չեն վստահում ընտրական գործընթացներին ու իշխանության կուսակցական եռանդուն ապարատչիկներին: Այս մասին նոյեմբերի 10-ին խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրիա Զոհրաբյանը՝ Ընտրական օրենսգրքում ու «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ: Օրինագծերի նպատակն է թույլատրել ID քարտերով քվեարկությունը, այդ թվում դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:
Ինչպես նշեց Զոհրաբյանը՝ գուցե հիմա արդեն քվեատուփեր չեն գողանում ու դիտորդներին չեն առեւանգում, բայց խարդախությունների ապարատն աշխատում է ոսկերչական ճշգրտությամբ: Էությունը չի փոխվում. հասարակությունը չի վստահում ընտրական համակարգին: «Եթե այդ վստահությունը լիներ՝ ապա հիմա կասկածների առիթներ չէին առաջանա: Ես ինքս հիացած չեմ մատները թանաքով ներկելու առաջարկից, բայց դա կրկնակի քվեարկության դեմ պայքարի գոնե ինչ- որ միջոց է: Բայց կրկնում եմ . եթե վստահություն չկա, ապա անձնագրով քվեարկես, թե ID քարտով, թեկուզ հինգ մատդ էլ թանաքով ներկես, կամ էլ ականջիդ մեջ ականջօղ դակես՝ «Ես քվեարկել եմ գրությամբ», ոչինչ չի օգնի»,- շեշտել է Նաիրա Զոհրաբյանը:





























