Հայաստանի տուրգործակալությունների մեծ մասը դադարեցրել է Հայաստան-Շարմ Էլ Շեյխ փաթեթների վաճառքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին մի քանի տուրգործակալությունների ներկայացուցիչներ՝ հավելելով, որ փաթեթի վաճառքը կվերսկսեն, երբ որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում ռուսական օդանավի վթարի իրական պատճառները պարզվեն եւ Հայաստանի ԱԳՆ-ն  խնդրի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնի:

Գործակալություններից մեզ տեղեկացրին, որ Հայաստան-Շարմ Էլ Շեյխ գնված փաթեթները հետ վերադարձնելու հետ խնդիրներ են առաջանում, քանի որ տուրօպերատորները տոմսերը հետ վերադարձնելու դեպքում բավականին մեծ տուգանքներ են սահմանում՝ 20, 50, մինչեւ 100 տոկոսի չափով, որը կազմում է շուրջ 600-700 ԱՄՆ դոլար: Մեզ հետ զրույցում տուր գործակալությունների աշխատակիցները նշեցին, որ տուգանքի չափը չարտերային տուրօպերատորը որոշում է ըստ տոմսը վերադարձնելու ժամկետի՝ որ օրն է գնված եղել եւ երբ է վերադարձվում. ինչքան շուտ է տոմսը վերադարձվում, այնքան տուգանքը քիչ է կազմում:

Գործակալությունները, սակայն, բացառեցին դեպքերը, երբ տուրգործակալությունները հրաժարվեն  հետ վերադարձված փաթեթի գումարը վերադարձնել, քանի որ քաղաքացիները լսելով սահմանված տուգանքի չափերը՝  չեն հրաժարվում փաթեթից՝ նրանք տուգանքի գումարը չվերադարձնելու համար նախընտրում են գնալ Եգիպտոս:

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։

Դեպքից հետո Մեծ Բրիտանիան եւ Նիդեռլանդները ժամանակավորապես դադարեցրել են չվերթները Շարմ էլ Շեյխ եւ սկսել իրենց քաղաքացիների տարհանումը եգիպտական հանգստավայրերից` մտավախությամբ, որ А321-ի աղետի պատճառը կարող է ահաբեկչությունը լինել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական Lufthansa, ֆրանսիական Air France, արաբական Emirates, թուրքական Turkish Airlines ավիաընկերությունները հայտարարել էին, որ որոշել են ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Եգիպտոսի Սինայի թերակղզու վրայով: