Եվրահանձնաժողովը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործում առաջընթաց գրանցելու իր ամենամյա զեկույցում բացասական  միտումներ է գրանցել օրենքի գերակայության, խոսքի եւ հավաքների ազատության պահպանման եւ դատական համակարգի անկատարության բնագավառում։

«Զեկույցն ընդհանուր առմամբ նշում է օրենքի գերակայության եւ հիմնարար իրավունքների պահպանման ուղղությամբ առկա բացասական միտումը։ էական թերություններ կան նաեւ օրենսդրական  համակարգում եւ խոսքի ու հավաքների ազատության բնագավառում»,- ասված է փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Թուրքիայում անվտանգության ոլորտում զգալի վատթարացում է գրանցվել։ Եվրահանձնաժողովը նաեւ Թուրքիային կոչ է արել վերականգնել քրդական հարցի կարգավորման գործընթացը։

ԵՄ-ն անդամակցության թեկնածության կարգավիճակ է շնորհել 6 պետությունների՝ Ալբանիային, Իսլանդիային, Մակեդոնիային, Սերբիային, Թուրքիային եւ Չեռնոգորիային։ Մարտին Իսլանդիան հայտարարել էր, որ հետ է կանչում ԵՄ-ին անդամակցելու հայտը։