Եգիպտոսում կործանված Airbus A321 ռուսական օդանավը տեխնիկապես սարքին է եղել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։
«Այսօրվա դրությամբ մենք գիտենք, որ օդանավը տեխնիկապես սարքին է եղել, իսկ դա նշանակում է, որ վթարը տեղի է ունեցել ոչ օդանավի պատճառով։ Բայց իհարկե պետք է սպասել հետաքննության ավարտին»,- ասել է Airbus-ի փոխնախագահ Ստեֆան Շաֆրատը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիան Ռուսաստանին տվյալներ էր փոխանցել օդանավում հնարավոր ահաբեկչության մասին։
Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում։ Օդանավի 217 ուղեւորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին։





























