ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն արդեն որոշում է կայացրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) կողմից բռնաբարության սպառնալիքի մասին հայտնի հայտարարության վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի մասին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը՝ նշելով, որ այսօր կայացած նիստը հետաձգվել է:
«Առաքել Մովսիսյանն ու Արթուր Սաքունցը չէին ներկայացել նիստին, այդ պատճառով հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 1-ը: Որոշման նախագիծն արդեն պատրաստ է, սակայն կհրապարակեն դեկտեմբերի մեկին»,- ասաց Վահան Բաբայանը:
NEWS.am-ի դիտարկմանը, թե Առաքել Մովսիսյանը կոնկրետ սպառնացել է գլխատել եւ բռնաբարել նրան, որը բացասաբար կարտահայտվի Սեյրան Օհանյանի մասին, Վահան Բաբայանը պատասխանեց. «Վստահ եղեք՝ օրենքի կանոնակարգի տառը պահպանվելու է: Եթե դուք հրապարակման որոշման մեջ ինչ-որ մի բան տեսնեք, որը չի համապատասխանում տվյալ տեսանյութին, որն ուղարկվել է Էթիկայի հանձնաժողովին, Դուք այդ ժամանակ մեզ կարող եք քննադատել»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին:





























