Լիբանանում Ցեղասպանության որբերի գերեզմանատունը պետք է մնա՝ ինչպես կա: Այս մասին բրիտանական «Independent»-ում հրապարակված հոդվածում գրել է լրագրող Ռոբերտ Ֆիսկը: Իսկ հայկական եկեղեցին, որը պետք է հոգ տանի գերեզմանատան մասին, պատրաստվում է այդ տարածքը վարձույթով տալ: Հոդվածում նաեւ նշվում է.
«Լիբանանում հնագույն Բիբլոսի մերձակայքում Առաջին աշխարհամարտի 33 շիրիմ կա: Այնտեղ հանգչում են Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության՝ 1.5 մլն հայերրի Ցեղասպանության զոհերը: Այդ երեխաները մահացել են պատերազմից հետո, եվրոպացի բժիշկների եւ բարեգործական կազմակերպությունների կողմից բացված հսկայական որբանոցներից մեկում, խոլերայի եւ այլ հիվանդությունների հետեւանքով:
Բազմաթիվ շիրիմներ անուններ ունեն: Բայց մասունքները ցանկանում են վերահուղարկավորել մոտակա հայկական եկեղեցու ընդհանուր գերեզմանատանը: Նրանց անուններն արդեն նշել են ապագա շիրիմների հուշատախտակի վրա: Սակայն ընդհանուր գերեզմանատանն անհատները կկորչեն, կկորչի յուրաքանչյուր մարդու անկրկնելիությունը: Իսկ հայկական եկեղեցին, որը «պահպանում է» գերեզմանատունը, պատրաստվում է հողատարածքը վարձույթով տրամադրել էլիտար հյուրանոցի:
Եվ չնայած գերեզմանատան տեղում շինարարություն իրականացնել չի կարելի (շատ մոտ է հին քաղաքին), տարածքը վարձույթով տրամադրելու են հարսանեկան լուսանկարահանումների համար: Եկեղեցին կարող է արդարացիորեն հայտարարել, որ հանգուցյալների հիշատակն ավելի ուժեղ են հարգելու, քանի որ նրանց ոսկորները հանգչելու են օսմանյան շենքի առջեւ, որտեղ ներկայում Ցեղասպանության թանգարանն է: «Հիշի՛ր»:
Իհարկե, 1918 թվականին հայերն իրենք են սիրիական անապատից Անթիլիասի եկեղեցի բերել իրենց հանգուցյալների մասունքները: Ես ինքս էլ Սիրիայի հյուսիսում զանգվածային կոտորածների վայրում պեղումների ժամանակ մասունքներ եմ գտել, որոնք թուրքերը թողնում էին, որպեսզի գետը խորտակեր դրանք: Բայց չէ՞ որ այդ ոսկորները փոխադրել են, քանի որ դրանք թափված էին անանուն, առանց քրիստոնեական շիրիմների»:





























