Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը որոշ տագնապներ է ունեցել սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված, սակայն դրանք հաղթահարել է եւ հիմա կողմ է քվեարկելու հանրաքվեի ժամանակ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ որոշ տագնապներ ուներ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, որոնք արդեն հաղթահարել է:

«Ւմ մեջ տագնապներ կային, որոնք հաղթահարեցի Սահմանադրության տեքստը կարդալուց հետո, աչքի առաջ ունենալով Անգլիայի, Իսրայելի տարբերակը»,- այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գուլանյանը՝ հավելելով, որ լավ ու վատ Սահմանադրություն չկա, խնդիրը Սահմանադրությունն աշխատեցնելն է:

Երեւանի Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ  կարծում է՝ սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ ու կողմ սկսված քարոզարշավներում խոսվում է ոչ թե սահմանադրական փոփոխությունների դրական ու բացասական կողմերի, այլ իշխանությանը կամ ընդդիմությանը կողմ լինելու մասին: 

 «Երբ լսում եմ իշխանական թեւի ներկայացուցիչներին, որոնք քարոզում են «այո» ասել հանրաքվեին, ուզում եմ «ոչ» ասել, իսկ երբ լսում եմ ընդդիմադիրներին՝ ուզում եմ «այո» ասել: Սահմանադրության քննարկումն իրավունք չուներ այդ հունով գնալու: Եւ իշխանության, եւ ընդդիմության մեջ պետք է տեսնեինք մարդկանց, որոնք ընդհանուրից տարբեր դիրքորոշում ունեն: Ես համոզված եմ՝ եթե որոշակի պատգամավորներ կարդալ իմանային ու կարդային Սահմանադրության նախագիծը, դեմ կլինեին»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Նա նշեց, որ սահմադրական փոփոխությունների մեջ իրեն ամենից շատ մտահոգում է մարդու իրավունքներին վերաբերող կետերը:

«Եթե մարդու պաշտպանվածությանը վերաբերող բոլոր կետերը պահպանվեն, նշանակություն չի ունենա՝ երկիրը պառլամենտական է, թե նախագահական: Հարցն այն է՝ պատրա՞ստ է արդյոք իշխանությունը եւ ընդդիմությունը սեւեռվել այդ կետերի վրա»,- ասաց նա՝ նշելով, որ ընդդիմությունը նշում է, թե սրանով վերականգնվում է միակուսակցական համակարգը, այնինչ մեր երկիրը երբեք չի ազատվել դրանից:

Ռուբեն Բաբայանը դեռ չի որոշել՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկելու, թե դեմ:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւին: