Մենյու Գրուփ ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանում եւ Վրաստանում գործող menu.am եւ menu.ge ռեստորանային սննդի պատվիրման առաջատար համակարգերի սեփականատերը, իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում ավարտին է հասցրել մոտ ԱՄՆ 720,000 դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը:
«Ներդրումային միջոցներն ուղղվելու են ոչ միայն menu.am եւ menu.ge ընկերությունների ուժեղացմանը, շուկայական դիրքերը հայկական եւ վրացական շուկաներում ամրապնդելուն, այլեւ տարածաշրջանի այլ երկրներում տարածվելուն» – հայտնեց Մենյու Գրուփ ընկերության տնօրեն Վահան Քերոբյանը:
Ներդրումային փուլի կազմակերպիչը Գրանատուս Վենչուրս ընկերությունն է, որը հանդիսանում է առաջին եւ դեռեւս միակ հայկական վենչուրային հիմնադրամը: Ներդրմանը մասնակցել են Գրանատուս Վենչուրսը եւ այլ ներդրողներ:
«Մենք հավատում ենք հայկական ՏՏ ընկերությունների տարածաշրջանային եւ համաշխարհային տարածման ներուժին։ Մեզ ոգեւորել է Մենյու Գրուփի կառավարող թիմի կառավարման փորձառությունը եւ գլոբալ բիզնես կառուցելուն միտված ներդաշնակ մտածելակերպը: Այն կարող է դառնալ Հայաստանում ձեւավորված, սակայն տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնող բիզնեսի յուրահատուկ օրինակներից մեկը» - հայտարարեց Գրանատուս Վենչուրսի կառավարիչ գործընկեր Մանուկ Հերգնյանը:





























