Հայաստանի ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է մինչեւ 2017 թվականը ՀՀ ընտրական համակարգում ներդնել Ղրզստանի ընտրական փորձը:

Այս առնչությամբ նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է.

«Այս մեխանիզմն ամբողջությամբ մաքրում է ընտրացուցակները, բացառում լցոնումները, մահացածների եւ երկրից բացակայողների փոխարեն քվեարկությունները եւ «կառուսելների» կազմակերպումը:

Այսօր խորհրդարանում քննարկվում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը լավ առիթ է ներկայացնելու համար վերջերս Ղրղզստանում իրականցված ընտրությունների փորձը, որտեղ մասնակցում էի դիտորդական առաքելությամբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Բոլորս հիշում ենք, որ Ղրղզստանն անցել է երկու հեղափոխությունների միջով, որը մեծ վնաս է հասցրել պետությանն ու ժողովրդին, ինչի հիմնական պատճառները եղել են ընտությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքները, ժողովրդի անվստահությունն ընտրական համակարգի նկատմամբ: Գործող իշխանությունը քաղաքական կամք է դրսեւորել իրավիճակից դուրս գալու համար՝ անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքը կասկածի տակ չի դրվի, իշխանությանը կտա ամբողջական լեգիտիմություն, իսկ ժողովրդի աչքում կբարձրանա ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը:

Ղրղզստանում իշխանությունները մեկ տարի առաջ հայտարարել եւ իրականացրել են բիոմետրիկ քարտերի տրամադրում, միայն նշված քարտերով էր հնարավոր մասնակցել ընտրություններին: Ընտրատեղամասում պատասխանատվությունը կիսված է անձնագրային վարչության եւ ընտրական հանձնաժողովի միջեւ. անձնագրային վարչությունը վարում է ընտրողների տվյալների ռեգիստրը եւ տրամադրում կտրոն, որը վերցնելով՝ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը պետք է տրամադրի քվեաթերթիկ:

Ընտրական պրոցեսն սկսվում է հետեւյալ կերպ. քաղաքացին, մուտք գործելով ընտրատեղամաս, ներկայացնում է իր բիոմետրիկ նույնականացման քարտը եւ մատը դնում համապատասխան սարքի վրա, որը ցույց է տալիս նրա նկարն ընդհանուր մոնիտորի վրա, ինչպես նաեւ տպում կտրոն՝ տվյալ անձի բիոմետրիկ տվյալներով: Եթե անձն այդ օրն արդեն քվեարկել է, ապա սարքը ցույց է տալիս, թե այդ անձը երբ եւ որտեղ է քվեարկել: Տեղամասում գտնվող դիտորդներն ու վստահված անձիք մոնիտորին նայելով տեսնում են, որ մոնիտորի վրա արտացոլված եւ ներկա անձը նույն անձն են, եւ կասկած չի առաջանում օրինակ մահացածների փոխարեն քվեարկելու կամ նման այլ կեղծիքի վերաբերյալ: Ստացված կտրոնով անձը մոտենում է ընտրական հանձնաժողովի ներկայացուցչին ու ստանում քվեաթերթիկ, որի վրա կարող է նշում կատարել բացառապես քվեախցիկում տեղադրված գրիչով, այլապես էլեկտրոնային քվեատուփը չի ընդունի այդ քվեաթերթիկը:

Քվեարկության ավարտից հետո քվեատուփն ավտոմատ հաշվում եւ տպում է արձանագրությունը, որտեղ նշված է, թե որ կուսակցությունը որքան ձայն է հավաքել եւ քանի անվավեր քվեաթերթիկ կա արկղում, ինչից հետո ընտրական օրենքը պարտադրում է, որ քվեատուփը բացեն եւ մեկ անգամ եւս հաշվեն ձայների քանակը՝ համեմատելով քվեատուփի հաշված տվյալների հետ: Վերջում համեմատվում է բիոմետրիկ տվյալներով կտրոնների եւ քվեարկած թերթիկների քանակը եւ կազմվում արձանագրություն: Այս մեխանիզմն ամբողջությամբ մաքրում է ընտրացուցակները, բացառում լցոնումները, մահացածների եւ երկրից բացակայողների փոխարեն քվեարկությունները, «կառուսելների» կազմակերպումը:

Կարծում եմ՝ այս փորձն անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել եւ ներդնել նաեւ Հայաստանում, քանի որ մենք եւս ներդրել ենք բիոմետրիկ անձնագրերի համակարգը եւ վաղուց խնդիր ունենք ընտրությունների կազմակերպման գործընթացի մակարդակի բարձրացման: