Սահմանադրական փոփոխությունների նախագիծը դատական համակարգում մի փոքր առաջխաղացում է նախատեսում՝ դատավորների անկախություն մակարդակը բարձրացնելով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրային քննարկմանն ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

«Սահմանադրության 7-րդ գլուխը փոքր ինչ առաջխաղացում է գոյություն ունեցողի համեմատ: Դատավորների անկախության մակարդակը նախատեսված է բարձրացնել այն մեխանիզմների շնորհիվ, որոնք ամրագրված են 7-րդ գլխում»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ, միեւնույն ժամանակ, սահմանադրական փոփոխությունները չեն լուծում բազմաթիվ լուրջ խնդիրներ, որ գոյություն ունեն այսօրվա դատական համակարգում:

Ըստ Հայկ Ալումյանի՝ նոր սահմանադրության 7-րդ գլուխը, որը վերաբերում է դատական համակարգին, բաց թողնված հնարավորությունների գլուխ է:

Նրա խոսքով՝ գլխավոր բացթողումն այն է, որ ժողովուրդը շարունակելու է չառնչվել դատական համակարգի ձեւավորման գործընթացին:

«Դատական համակարգը երրորդ իշխանություն է: Եթե մենք փորձում ենք ստեղծել ժողովրդավարական պետություն, դրա պարտադիր պայմաններից մեկն է, որ իշխանությունները պետք է ձեւավորվեն մարդկանց, ժողովրդի կողմից՝ ուղղակի կամ անուղղակի ձեւով: Իսկ նոր սահամանադրությամբ՝ ժողովուրդը շարունակելու է կտրված մնալ դատական իշխանության ձեւավորման գործընթացից»,- ասաց նա:

Հայկ Ալումյանի խոսքով՝ մեկ այլ բացթողում է, որ, չնայած նախապես արված հայտարարություններին, իրականություն չդարձավ երդվյալ ատենակալների դատարանի ներմուծումը:

«Կախյալ դատարաններ ունենալու իրավիճակը կշարունակի մնալ նույնը, քանի որ այս իրավիճակից ելքը երդվայլ դատարանների կիրառումն էր, իսկ այդ նախագիծը փակեց»,- նշեց նա՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի դատավորների 3/5-ին նշանակելու է Ազգային ժողովը, այսինքն այն անկախ լինել չի կարող:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւին: