«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունն սկսում է իր գործունեության երկրորդ ալիքը: Այս առնչությամբ նախաձեռնությունը հանդես է եկել հրապարակային նամակով, որում մասնավորապես ասվում է.
«Աշնան գալուստով մեկնարկում է նաեւ մեր շարժման երկրորդ ալիքը: Առաջիկայում իշխանությունները նախատեսում են այսպես կոչված հանրային լսումներ' նվիրված օտարալեզու դպրոցների խնդրին, որին ամենայն հավանականությամբ կհաջորդի տխրահռչակ նախագծերի քվեարկությունը Ազգային Ժողովում: Բացի այդ, արդեն իսկ հեռուստատեսությամբ ակտիվացել են տարատեսակ «թոք-շոուները», որտեղ նախագծի կողմնակից' մեկ ձեռքի մատների վրա հաշվվող գոծիչներն, իրար հերթ չտալով, փորձելու են դրական հասարակական ֆոն ստեղծել խորհրդարանի կողմից օրինագծի դակումից առաջ: Այս իրավիճակում չափազանց կարեւոր է ոչ մի վայրկյան չթուլացնել դիմադրությունը եւ գարնանային փայլուն արշավի օրինակով ի վերջո խափանել այդ չափազանց վտանգավոր ծրագիրը: Հիշեցնեմ, որ հասարակական աննախադեպ բողոքի ալիքի արդյունքում նախ Կառավարությունը լուրջ փոփոխություններ կատարեց օրենքի նախագծում, ապա նախագահի եւ վարչապետի կողմից սույն փոփոխությունների միակ պատճառ հայտարարված միջազգային երկու դպրոցներից մեկը ժխտեց իր հնարավոր ներդրումները Հայաստանում, իսկ մյուս' Դիլիջանի դպրոցի նախագծի իրականացումը դրա նախաձեռնողների կողմից լուրջ հարցականի տակ դրվեց:
Այժմ հարկավոր է ամրապնդել նախնական հաջողություները եւ հասնել լիակատար հաղթանակի: Նախաձեռնող խմբի անունից խնդրում եմ այսուհետ լինել ավելի ակտիվ' հաճախ այցելել խումբ, մասնակցել քննարկումներին, կիսվել նորություններով:
Է՛լ ավելի կարեւոր է մեր բոլորիս ակտիվությունը առցանց տարածքից դուրս: Առաջիկայում ծրագրված է աշնան առաջին մեծ միջոցառումը' ուխտագնացություն դեպի Օշական եւ երթ Երեւանի կենտրոնում: Հաջորդ նամակով կտեղեկացնենք այս միջոցառումների մանրամասների մասին:
Շնորհակալությու՛ն, որ մեզ հետ եք»:




























