Իսպանիայի Ազգային դատական կոլեգիայի դատախազությունը ոստիկանությանը հրահանգել է գործել՝ թագավորության տարածքային ամբողջականությունը խախտելու փորձի դեպքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Խոսքն «իշխանությունների դեմ բացահայտ ապստամբության մասին է, երբ նպատակը պետության տարածքային ամբողջականության ապօրինի փոփոխությունը եւ ազգային տարածքի մի հատվածի անկախությունը հռչակելն է»:

Հրահանգներ են ստացել ազգային ոստիկանությունը, Քաղաքացիական գվարդիան (ռազմականացված ոստիկանությունը), ինչպես նաեւ Մոսսոս դե Էսկուադրան (կատալոնական ոստիկանությունը): Նրանց հրահանգել են անհապաղ տեղեկացնել դատարանին նման հանցագործությունների մասին:

Կատալոնիայի խորհրդարանը նոյեմբերի 9-ին հավանության է արժանացրել ինքնավար մարզի անկախության մասին բանաձեւը: Այն նախատեսում է պետական տարբեր կառույցների, ինչպես նաեւ նոր Սահմանադրության տեքստի նախապատրաստման համար 18 ամիս տրամադրել: Բանաձեւի տեքստում նշվում է, որ անկախության ձեռքբերման գործընթացը «չի ենթարկվելու իսպանական ատյանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որոշումներին»: