«Առավոտ»-ը հայտնում է, որ ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավարի փոփոխությամբ պայմանավորված՝ մարզում հանրապետականացման եւ վերահանրապետականացման գործընթաց է սկսվել: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն վերջերս փոխեց Արմավիրի մարզային կառույցի իր ղեկավարին. ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, ում հարաբերությունները գեներալ հորեղբոր հետ բացասական հունով են ընթանում 2008-ի նախագահական ընտրություններից ի վեր, փոխարինվեց Արմավիրի մարզպետ, նախկին ոստիկան Աշոտ Ղահրամանյանով: «Կուսակցական վերնախավում դիվիդենտներ շահելու պարոն Ղահրամանյանի առաջին քայլը մարզի բնակչության հանրապետականացումն է:
Մասնավորաբար, վերջերս մարզպետը դպրոցների տնօրեններին ակնարկել է, որ եթե ցանկանում են, որ իրենց դպրոցը «մի բանի հասնի» կամ դպրոցին «մի բան հասնի»՝պետք է որեւէ կուսակցության հովանավորության տակ լինեն: Տնօրեններն այնքան «խելոք» են գտնվել, որ միանգամից հասկացել են՝ ՀՀԿ-ական մարզպետն ու ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը, բնականաբար, չէր կարող ակնարկել, ասենք, Հայ ազգային կոնգրեսում հովանավորություն փնտրելու մասին, ուստի իրենց ուսուցիչներին խնդրել են պատրաստվել ՀՀԿ-ի շարքերը համալրելու: Իսկ այն ուսուցիչները, ովքեր առավել մտահոգ են դպրոցի ճակատագրով եւ ավելի պայծառ ապագա են ցանկանում իրենց դպրոցին՝ պետք է նաեւ տարածքի բնակիչներ հավաքագրեն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի բազմահազարանոց բանակ ապահովելու համար»,-գրում է պարբերականը:




























