Մարոկկուհի դերասանուհի Լուբնա Աբիդարը, որը նկարահանվել էր մահմեդական հասարակությունում մարմնավաճառների մասին պատմող «Շատ սիրված կինը» ֆիլմում, ստիպված է եղել Ֆրանսիա փախչել Կասաբլանկայում ծեծի ենթարկվելուց հետո, հայտնում է The Guardian-ը: Իր Facebook-ում նա տեղադրել է լուսանկարներ, որոնց վրա երեւում են նրա կապտուկները ու քերծվածքները:
Դերասանուհին պարզաբանել է, որ անհայտ անձինք փողոցում դանակով հարձակվել են իր վրա ու սպառնացել, որ կսպանեն: Տուժածը վստահ է, որ միջադեպը կապակցված է «Շատ սիրված կինը» ֆիլմում իր դերակատարման հետ: Աբիդարի խոսքով, ոստիկանական բաժանմունքում, ուր նա դիմել էր վնասվածքներով, իր վրա ծիծաղել են:
«Շատ սիրված կինը» ֆիլմը Մարոկկոյում արգելվել էր 2015թ. մայիսին Կաննի կինոփառատոնում առաջնախաղից հետո: Երկրի կառավարությունում հայտարարել են, որ ֆիլմը խաթարում է Մարոկկոյի կանանց բարոյական արժեքները ու խայտառակում է թագավորությանը: Եվ Աբիդարին, եւ ռեժիսոր Նաբիլ Այուշային դատարան են կանչել պոռնոգրաֆիա արտադրելու ու անչափահասների շրջանում անբարոյականություն քարոզելու մեղադրանքով: Ավելի ուշ այդ մեղադրանքները հանել են, հայտնում է Lenta-ն:
Ֆիլմը պատմում է Մարաքեշում մարմնավաճառների կյանքի մասին, որոնք ստիպված են փոխգործակցել կոռումպացված ոստիկանության հետ ու կատարել հարուստ օտարերկրացիների բոլոր ցանկությունները: Այդ դրաման ստացել է Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակը, նաեւ մրցանակ՝ նույնասեռականների թեմատիկան լուսաբանելու համար, քանի որ սյուժեի երկրորդ գիծը նույնասեռականների կյանքի մասին է պատմում:






























