Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նախօրեին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ն դեպքից առաջ նյարդային վիճակում է եղել. սուպերմարկետներից մեկում սկանդալ է սարքել՝ վիճաբանել է աշխատակիցների հետ, դանակը դրել պարանոցին եւ սպառնացել է կտրել իր կոկորդը: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կնոջը դուրս հրավիրել: Դեպքին հաջորդել է ինքնահրկիզման փորձը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Ս.-ի քույրը պատմել էր, որ քույրն իսկապես այդ օրը նյարդայնացած է եղել: Նունեն վստահեցրեց, որ քույրը հոգեկան խնդիրներ չունի, որքան էլ երեք անգամ ինքնասպանության փորձ է կատարել՝ մեկ անգամ վնասել է պարանոցը, երեխաների աչքի առջեւ փորձել նետվել Կիեւյան կամրջից եւ ինքնահրկիզվել:
Լուսինեն, ըստ քրոջ, պարզապես նյարդային վիճակում է հայտնվել, քանի որ ոստիկանությունը չի բացահայտում, թե ովքեր են երկու տարի առաջ թալանել իր տունը:
Նշենք, որ կինը փորձել է հրկիզել նաեւ իր երկու մանկահասակ երեխաներին, սակայն, բարեբախտաբար, երեխաներին ոչինչ չի եղել:
Լուսինե Ս.-ի վիճակը շարունակում է ծանր մնալ: Կինն այժմ գտնվում է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնում: Այրվել է կնոջ մարմնի մակերեսի 19 տոկոսը:
Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց:
Լուսինեի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ ինքն աշխատում է Երեւանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջում՝ որպես հավաքարար:





























